«ԱԺ–ն թող հավաքվի, ժամ առաջ օրենսդրական փոփոխություններ կատարի ու պետության վրա դնի այդ պարտավորությունը.» Վահրամ Թոքմաջյանն առաջարկություն է անում

Մանկավարժ, պատմաբան Վահրամ Թոքմաջյանը գրում է. «Պատերազմի հետևանքները, եթե պատերազմից սարսափելի էլ չեն, ապա պատերազմի չափ սարսափելի են։ Մենք հենց այս պահից պետք է մտածենք այդ հետևանքները վերացնելու և մեղմելու ուղղությամբ։ Հիմա կասեք ժամանակը չէ, բայց ասեմ, որ հենց ժամանակն է։ Հատկապես՝ վիրավորում ստացած զինվորների մասով։

Օրինակ բերեմ․ վերջույթներ կորցրած կամ վնասած զինվորներն իհարկե ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, բայց հետագա պրոտեզավորում չի արվում։

1000+ հիմնադրամից պարզաբանում են, որ այդ ուղղությամբ միջոցներ նախատեսված չեն և միայն ըստ հաշմանդամության կարգերի թոշակներ են տալիս։

Առողջապահության նախարարությունը պարզաբանում է, որ դա չի համարվում անհետաձգելի միջոցառում և պետ․ պատվեր նախատեսված չէ։ Եթե կա այլ պետական օղակ ու զբաղվում է այս հարցով, բաց եմ թողել, կներեք։ Բայց ինչքան ես ուսումնասիրեցի դաշտը՝ չկա։

Այսինքն ստացվում է, որ մարդը պետության համար ստացել է խեղում, կորցրել է ոտք, ձեռք, դրա ոչ միայն ֆիզիոլոգիական, այլ նաև ծանրագույն հոգեբանական ու այլ հետևանքներով, բայց պետությունը չունի որոշակի պոզիտիվ պարտավորություն։ Հույսը մնում է սեփական ընտանիքի միջոցները կամ ֆոնդերի, բարերարների բարի կամքը։

ԱԺ–ն թող հավաքվի, ժամ առաջ օրենսդրական փոփոխություններ կատարի ու պետության վրա դնի այդ պարտավորությունը։ Եթե միջոցների տեղը չգիտեն, ես կհուշեմ»։ Վերանայելով իր հրապարակումը՝ Վ. Թոքմաջյանը գրել է, որ Սոցապ նախարարությունից պարզաբանումներ է ստացել, որ գործընթացն անվճար է:

Понравилась статья? Поделиться с друзьями: