Հայտնի երգիչ Արաբո Իսպիրյանն անչափ հուզիչ պրեմիերա է ներկայացրել՝ «Ախ, իմ չքնաղ ժողովուրդ»։ Անչափ հուզիչ երգի երաժշտության ու խոսքերի հեղինակը Անդրանիկ սարկավագ Մանուկյանն է։ Այս օրերին շատ են հուզումնալից կատարումները, հատկապես Արաբոյինը՝ խորն իմաստով ու պատկերային շքեղությամբ՝ նկարահանված մեր անմահ լեռներում։
Արաբոն իր աննման ձայնով երգում է հայ ժողովրդի մեծագույն ողբի մասին՝ արտագաղթի․ «Ախ, իմ չքնաղ ժողովուրդ, ինչքան լավն ես դու։ Հայրենիքդ լքելով՝ կործանվում ես դու»։
Արաբոն մատնանշում է՝ երկիրը քանդել է թշնամին, սակայն հույսը պահպանում է՝ վերականգնելու երբեմնի հզորությունը․ «Ախ, իմ չքնաղ ժողովուրդ, երբ պիտ միանա, ծովից-ծով Հայաստանի նորից տեր դառնա»։
Խոսքեր չկան պարզապես պատկերային գեղեցկության մասին։ Ժայռերում նկարահանված տեսահոլովակն անգամ քամին է փոխանցում՝ վարպետության շնորհիվ։ Իսկ թավջութակարուհու նրբությունն ու համադրությունը հարվածային գործիքների կոպտության հետ լավագույնս են դրսևորում թեմայի բովանդակությունը։