Աշխարհահռչակ ու տաղանդավոր ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանն այսօր տոնում է ծննդյան երեսուներեքամյակը:
Գյումրեցի փոքրիկին երաժշտությունը գերել էր դեռ երկու տարեկանում, իսկ արդեն հինգ տարեկանից նա ճանաչում էր աշխարհահռչակ ու տաղանդավոր երաժիշտներին, նվագում ու երգում էր նրանց բարդ երաժշտական ստեղծագործությունները:
Երաժշտությունը նրա մեջ էր ու տարերքն էր, որը հասուն տարիքում դարձավ մասնագիտություն ու մեծ ճանաչում, հեղինակավոր մրցույթներում արժեքավոր հաղթանակներ ու սեր բերեց և դեռ էլի կբերի:
Տիգրանը ստեղծագործել սկսել է տասնմեկ տարեկանից, իսկ առաջին մրցույթը, որին մասնակցել է նա, եղել է տասներեք տարեկանում: Հենց այդ ժամանակ էլ նա հիացնում է երաժշտության մասնագետ ժյուրիի անդամներին:
Հենց այդ մրցութային փառատոնից հետո էլ նա հրավեր է ստանում Ֆրանսիա, որն էլ նոր ճանապարհ է բացում Տիգրանի երաժշտական կայացման համար:
Այստեղ նա մեկը մյուսի հետևից փայլուն արդյունքներ է գրանցում, որից հետո գնում է ԱՄՆ, որտեղ էլ շարունակում է կրթությունն ու երաժշտական ուղին: