Երևանցի Բենյամինը հիմնական դպրոցն ավարտելու հետո ընդունվում է ռազմական վարժարան՝ ուսումը ռազմական գծով շարունակելու համար: Վարժարանային կրթությանը հաջորդում է ռազմական ինստիտուտը:
Ռազմարվեստի հանդեպ տղայի հետաքրքրությունն ու սերը փոխանցվել էր հորից, ով լինելով արցախյան շարժման մասնակիցներից՝ գնդապետի կոչում էր ստացել զինծառայության ընթացքում:
Կրթություն ստանալով՝ Բենյամինը գնում է Արցախ, որտեղ էլ շարունակում է իր գործունեությունը: Ապրիլյան օրերին նա իր երկու ընկերների՝ Տիգրանի և Վլադիմիր հետ միասին պատասխան գործողություն են սկսում հակառակորդի ուղղությամբ:
Տանկերով, անտեսելով ամեն ինչ, երեք ընկերներով իրականացնում են իրենց առջև դրված հանձնարարությունը՝ անմահանալով միասին:
Հերոսացած զինվորականին դեռ կենդանության ժամանակ Մոնթե են կոչել, իսկ նրա մահվանից ամիսներ անց քույրը զավակ է ունենում՝ նրան դարձյալ Մոնթե կոչելով:
Բենիամինն ընդամենը ամիսներ առաջ էր ամուսնացել: Նա բազում երազանքներ ուներ պահ տված ժամանակին, որոնք այդպես էլ անկատար մնացին հանուն հայրենի սահմանների անառիկության: