Վազգեն Առաջին կաթողիկոսը ժողովրդական առանձնահատուկ սեր ու հարգանք վայելող հոգևոր առաջնորդներից է, ում ժողովուրդը միշտ ջերմությամբ ու մեծ երախտիքով է հիշում: Նա ծնվել է Բուխարեստում, իսկ նախնական կրթությունը ստացել է Օդեսայի հայկական նախակրթարանում:
Վերադառնալով ծննդավայր՝ շարունակել է կրթությունը՝ տարբեր մասնագիտություններ ուսումնասիրելով՝ առևտրից մինչև գրականություն ու փիլիսոփայություն: Հայկական դպրոցներում միառժամանակ ուսուցչություն անելուց, զուգահեռ հայկական պարբերականների թղթակցելուց հետո նա մեկնել է Աթենք՝ ձեռնադրվելով կուսակրոն քահանա:
Վերադառնալով Ռումինիա՝ ընտրվել է Հայոց թեմի առաջնորդ: 1948 թվականից նա արդեն Էջմիածնի Մայր տաճարի ծայրագույն վարդապետն էր, 1955-ից՝ Ամենայն Հայոց կաթողիկոս:
Կաթողիկոսն իր գործունեության ընթացքում աչքի է ընկել հոգևոր մշակութային համալիր զարգացումներին միտված կարևոր նախաձեռնություններով՝ միաժամանակ ամեն կերպ փորձելով ազգօգուտ քայլեր ձեռնարկել:
Խորհրդային կարգերի փլուզման և հետխորհրդային ճգնաժամային տարիներին անգնահատելի մեծ է Վազգեն Առաջինի ծավալած գործունեության դերն ու նշանակությունը: Նա եղել ու մնում է համայն հայության սիրելի հոգևոր առաջնորդը: