Անվանի քանդակագործ, նկարիչ Արա Շիրազը ծնվել է Հայրենական պատերազմի սկսվելուց երկու շաբաթ առաջ՝ 1941 թվականի այս օրը:
Չնայած Արայի ծնողները՝ տաղանդավոր գրողներ Հովհաննես Շիրազն ու Սիլվա Կապուտիկյանը, միասին շատ քիչ ապրեցին որպես ամուսիններ, սակայն Արան մշտապես շրջապատված եղավ երկկողմանի ծնողական սիրով ու ջերմությամբ:
Հատկապես մայրը՝ Սիլվա Կապուտիկյանը, ամեն ինչ անում էր, որ որդին ոչնչի կարիք չունենա:
Զավակի հանդեպ ունեցած մայրական բուռն ու ջերմ զգացողությունները շատ հաճախ վերածվում էին գեղեցիկ ու զգացմունքային բանաստեղծությունների:
Տաղանդավոր քանդակագործն ու նկարիչը բազմաթիվ արժեքավոր կտավներ ու քանդակներ է ստեղծել, մասնակցել մի շարք կարևոր միջազգային փառատոնների:
Զորավար Անդրանիկի, Վիլյամ Սարոյանի, Սերգեյ Փարաջանովի և շատ այլ հայտնի դեմքերի արձանների հեղինակը հենց Արա Շիրազն է:
Այսօր լրանում է տաղանդավոր արվեստագետի յոթանասունիննամյա տարելիցը: Արդեն վեցերորդ տարին է, ինչ հայ հասարակությունն իր տաղանդավոր զավակի ծննդյան օրը նշում է առանց նրա ֆիզիկական ներկայության: