րապարակախոս Միքայել Հաջիյանը գրում է․ «Այսօր՝ հուլիսի 17-ին, Նորայր որդիս պետք է դառնար 45 տարեկան: Ավաղ, չվայելեց այդ օրը: Ոչ ինքը, ոչ իր անչափ վաղաժամ այրիացած տիկինը՝ Գայանեն ու որբացած զավակները՝ Գրիգորն ու Արտակը, ոչ Երվանդ եղբայրն իր ընտանիքով, ոչ մենք ծնողներս:
Ահա հինգ տարի, երեք ամիս ու 13 օր է, ինչ ապրում ենք առանց Նորայրի՝ Նորայրի հետ, իսկ ինը ամիս 11 օր էլ՝ նաեւ առանց Երվանդի՝ կյանքի 43-ն այդպես էլ չբոլորած Երվանդի հետ։ Երկուսն էլ, որպես Հող հայրենյաց կամավորագիր պաշտպաններ, իրենց երիտասարդ կյանքը նվիրաբերել են Արցախի անվտանգության ապահովման զոհասեղանին։
Նորայրը՝ 2016-ի ապրիլի 4-ին, Թալիշի դիրքերում, Երվանդը՝ 2020-ի հոկտեմբերի 6-ին, Հադրութի եւ Արա լեռան միջակայքի եւ այժմ ննջում են կողք կողքի՝ Ստեփանակերտի քաղաքային գերեզմանոցում, Հաջյանների ընտանեկան գերեզմանատանը: Էհ, ապրում ենք՝ ասացի, եթե դա իրոք այդպես է։ Բայց քանի որ ասացի՝ ապրում ենք, ուստի ապրողներիս անունից ասում եմ՝ շնորհավոր ծնունդդ, Նորայր, շնորհավոր 45-ամյակդ։
Չէ, չենք լացում, տղաս. մեր արցունքները վաղուց արդեն սպառվել են ինչպես ցամաքած գետերում։ Մեր խոնավ աչքերում, միախառնված կորստյան անանց ցավին, սոսկ հպարտությունն է փայլում՝ քեզ համար, եղբորդ համար, ավաղ, հավերժի ճամփորդ դարձած մեր հերոս որդիների համար։ Մեր հայրական ու մայրական խոնարհումը ձեր անմար հիշատակին»։