Թերևս, հայոց մեջ չգտնվի մեկը, ով չճանաչի այս հիվանդ, հանճարեղ պատանու ստեղծագործություններից գոնե մեկը: Բոլորի շուրթերից էլ կարելի է լսել նրա «Լճակ» լիրիկական բանաստեղծության թեկուզ առաջին տողերը:
Նա մեր գրականության պատմության այն բացառիկ դեմքերից է, որ իր ապրած անարդարացիորեն քիչ, բայց իմաստալից ու բեղուն կյանքի ընթացքում թողեց թվով քիչ, բայց ընդգրկունությամբ անսահման ու ծավալուն ստեղծագործություններ:
Թեև Պ. Դուրյանը գրում էր նաև դրամատիկական ստեղծագործություններ, որոնք ժամանակին նաև ակտիվորեն բեմադրվում էին, սակայն անվիճելի փաստ է, որ նա հատկապես պոեզիայի մեծ վարպետ էր:
Հարկ է նշել, որ այս հանճարեղ գրողից մենք չունենք իրական լուսանկար: Նրան կենդանության օրոք չի հաջողվել լուսանկարել, իսկ այն հայտնի լուսանկարը, որ տարածված է դասագրքերում և որին մենք ընդունում ենք որպես բանաստեղծի պատկեր, ամենևին էլ իրենը չէ:
Հայտնի նկարը ստեղծել է Մ. Պարսամյանը՝ Պ. Դուրյանի հարազատների նմանությամբ: Նկարն արժանանացել է Դուրյանին ճանաչողների հավանությանը և դրվել շրջանառության մեջ: