Անասելի ծանր օրեր ենք ապրում. գույժ գույժի հետևից…

ԵՊՀ դասախոս, լեզվաբան Աննա Աբաջյանն իր սոցհարթակում մեծ ցավով հայտնել է իրավաբան Դավիթ Ավետիսյանի մահվան մասին: Նա գրել է. «Անասելի ծանր օրեր ենք ապրում. գույժ գույժի հետևից…

Այսօր հայ իրավաբանական միտքը մեծ կորուստ կրեց. հավերժի ճամփորդ դարձավ ՀՀ վաստակավոր իրավաբան, տաղանդաշատ գիտնական, վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ, Մխիթար Գոշի շքանշանակիր, մայր բուհի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ Դավիթ Ավետիսյանը…

Մեծահարգ իրավաբանը ուսանողության սիրելին էր, լավ կադրերին խանդավառող ու առաջ տանող, անչար ու անաչառ, շիտակ ու համեստ, բարի ու կամեցող, պարզապես լավ Մարդ…

Դավիթ Ավետիսյանի մեջ գիրկընդխառն միահյուսված էին ներհուն իրավաբանն ու զգայուն պոետը: Նա ՀՀ գրողների միության անդամ էր. հեղինանակել է հինգ ժողովածուներ՝ բանաստեղծությունների, պատմվածքների, ասույթների:

Իր ողջ էությամբ, բոլոր նյարդերով հայրենի հող ու ջրին կապված բանաստեղծը այս սահմռկեցուցիչ պատերազմի առաջին իսկ օրվանից թղթին հանձնեց իր խոհերը. սգաց որդեկորույս մայրերի հետ, երգեց հայ զինվորի քաջությունն ու հավատաց հայ ոգու հաղթանակին…

Սիրելի՜ Դավիթ Զախարիչ, Ձեր տեղը մնաց դատարկ, Ձեր մեծ հոգին լույսերում թող թևածի, խորին հարգանք ու խոնարհում, խնկելի հիշատակ… Ի խորոց սրտի ցավակցում եմ ընտանիքին, հարազատներին…»

Понравилась статья? Поделиться с друзьями: