Տեղումնառատ օրերը շարունակվում են, իսկ տեղումների առատությունն արդեն իսկ հասցրել է փաստի առաջ կանգնեցնել շատ բնակավայրերի բնակիչներին։ Խնդիրը առաջ է եկել երեկոյան տեղումների պատճառով։
Մասնավորապես արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վանաձորում։ Այստեղ այնքան առատ են եղել անձրևները, որ սելավաջրերը պատել են փողոցները՝ անանցանելի դարձնելով դրանցից շատերը, ստեղծելով լուրջ դժվարություններ ու խնդիրներ։
Որոշ թաղամասերում սելավաջրերը նույնիսկ լցվել են բնակիչների նկուղներն ու շքամուտքերը։ Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները փորձել են հեռացնել շքամուտքերն ու նկուղները լցված սելավաջուրը։
Պահանջվել է հատուկ տեխնիկա՝ այդ գործողությունն արդյունավետ կազմակերպելու համար։ Տուժել է մասնավորապես յոթ բազմաբնակարան շենք, տասներեք առանձնատան նկուղ ու շքամուտք հեղեղվել է սելավաջրով։
Վանաձորում տիրող իրավիճակի մասին հայտարարություն է արել նաև քաղաքային ղեկավարը՝ ներկայիս քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ով հայցելով քաղաքացիների ներողամտությունը՝ գրել է, որ քաղաքապետարանի աշխատակիցներն օպերատիվ են իրականացնում մաքրման աշխատանքները։