Սեպտեմբերի վերջին սկսված և դեռևս ընթացքի մեջ գտնվող արցախյան մարտերի սկզբի օրերին սեփական մոտոցիկլով Արցախ հասած Կարպիս Փաշոյանը գրեթե մեկամսյա հերթապահությունից հետո տուն է վերադարձել:
Նա իր հետ բերել է դիրքերում ձեռք բերած իր սովորույթներն ու վախերը, որոնք ստիպված է եղել ձեռք բերել հակառակորդի շնորհիվ: Այդ մասին Կարպիսը գրում է հետևյալը.
«Առավոտյան ինքնաթիռի ձայնից արթնացա ու վախեցած վազեցի, որ մտնեմ այ էս ծակը։ Կյանքում գրոհիչ ծիտիկներից ավելի սարսափելի բան չեմ տեսել, հրետանուց հնարավոր է փախչել, ԱԹՍ֊ից հնարավոր է թաքնվել, իսկ ՍՈւ֊երը պարզապես այլընտրանք չեն թողնում։
Բայց մի քանի վայրկյան հետո հիշեցի, որ այլևս այ էս ծակը մտնելու անհրաժեշտություն չկա, քանի որ շուրջ մեկ ամիս մարտական հերթապահությունից հետո արդեն տանն եմ։ Մի որոշ ժամանակով արձակուրդ եմ եկել։
Ինչ֊խոսք, հաճելի զգացողություն է, երբ քո համար հանգիստ սուրճ ես խմում ու ինչ֊որ ուռոդ չի ուզում քեզ էն աշխարհ ուղարկի»: