Այսօր «Վերջին զանգի» սպասված, բայց թագավարակի պատճառով անսպասելի շրջադարձ ունեցած հիշարժան օրն է:
Եթե նախորդ տարիների շրջանավարտներն իրենց դպրոցական տարիների ողջ հետաքրքրաշարժ ու հիշարժան պահերն ի մի բերում և ներկայացնում էին հենց այսօրը կազմակերպված տոնական արարողության ժամանակ, ապա հիմա իրավիճակը մի փոքր այլ է:
Դեռ առավոտից սոցհարթակներում սկսել են շրջանառվել ծնողական և ուսուցչական ներկայացուցիչների բարեմաղթանքները, իսկ շրջանավարտները հանդես են գալիս թեմատիկ հոլովակների հրապարակմամբ՝ փորձելով լցնել այն մեծ խոռոչը, որ բացել է թագավարակն իր գոյությամբ:
Հատկանշական է Հերացու դպրոցի շրջանավարտների դասղեկ Ս. Հովակիմյանի անակնկալն իր աշակերտներին:
Նա շրջել է բոլոր սաների բակերով, զանգել ու խնդրել, որ բակ իջնեն, տվել է նրանց թուղթ ու գրիչ և առաջարկել, որ երազանքները թղթին հանձնեն:
Հետո բոլոր երազանքներն ամրացրել է փուչիկների փնջին ու բաց երկինք թողել՝ այդպիսով անմոռանալի տոնի ու հիշարժան պահերի վերածելով նրանց օրը: