Երեկ երեկոյան նախ տելեգրամյան, ապա նաև այլ սոցիալական հարթակներում մի կարճատև տեսանյութ էր տարածվում՝ կից տեղեկությամբ, որ հրդեհվել է Ադրբեջանի մայրաքաղաքում գտնվող Հեյդար Ալիևի անունը կրող պալատը։
Շատերը սա շփոթել են Ալիևների տան հետ, մինչդեռ Հեյդար Ալիևի անունը կրող պալատը Բաքվի և առհասարակ ամբողջ Ադրբեջանի ամենից մեծ մարզահամերգային համալիրն է, որտեղ անցկացվում են լայնամասշտաբ համերգներ, պետական նշանակության երդմնակալության արարողություններ և այլն։
Ճարտարապետական այս կառույցը ստեղծվել է մոդեռնիստական ոճով։ Այն գտնվում է Բաքվի կենտրոնական հատվածում։ Այն գործում է 1972 թվականից, նախկինում կոչվել է Լենինի պալատ, հետո հիմնանորոգվել է ու անվանվել Հեյդար Ալիևի անունով։
Այսօր ադրբեջանական համապատասխան կառույցից հերքել են պալատում հրդեհի բռնկման մասին տեղեկությունը։ Հերքման տեքստում նշվել է, որ պալատը չի հրդեհվել, որևէ պայթյուն չի եղել, ընդամենը հարակից շենքում մի փոքր կրակի օջախ է առաջացել, շենքը ծխով է պատվել, որը շատ արագ հնարավոր է եղել հանգցնել։