Ինքնատիպ լուսանկարիչ, տաղանդավոր գեղանկարիչ ու հետաքրքիր բանաստեղծ Սամվել Սևադան բոլորում է ծննդյան յոթանասունմեկ տարին: Նա ծնունդով գյումրեցի է:
1974 թվականին ավարտելով Երևանի թատերական ինստիտուտը՝ հաջորդ տարում նա Աբովյան քաղաքում հիմնադրում է Գեղարվեստի դպրոցը:
Ս. Սևադան հետաքրքիր ուղի է անցել: Միառժամանակ բնակվելով Ամերիկայում՝ նա այնտեղ բացել է նկարիչների առաջին հայկական դպրոցը:
Այժմ նկարիչն ապրում և ստեղծագործում է Երևանում: Երևանում նա ևս նկարչական դպրոց ունի, որը կոչվում է Արթ Սևադա: Դպրոցը հենց իր արվեստանոցում է գտնվում, որտեղ Ս. Սևադան աշխատում է և միաժամանակ դասավանդում է երեխաներին:
Ս. Սևադան նաև գեղեցիկ ստեղծագործություններ է գրում, չնայած ինքն իրեն գրող չի համարում: 2019 թվականին լույս է տեսել նրա «Կույսի համաստեղություն» բանաստեղծությունների ժողովածուն:
Նա տարբեր երկրներում հանդես է եկել նկարչական անհատական ցուցահանդեսներով: Տաղանդավոր է նաև Ս. Սևադայի որդին՝ Արտ Սևադան, ով ամերիկաբնակ հայտնի կինոռեժիսոր ու սցենարիստ է: