Համավարակի պայմաններում առաջին անգամ իրենց բալիկին դպրոց ուղարկող ծնողների թվին են պատկանում նաև Գրիշան և Շողերը:
Նրանց տղան՝ Ալիկը, այսուհետև Չեխովի անվան դպրոցի սան է: Դպրոցի ընտրությունը պատահական չէ. այն հարազատ է Գ. Աղախանյանին, քանի որ նաև իր ու եղբոր դպրոցն է եղել:
Գ. Աղախանյանը բավականին մեծ հույսեր է կապում դպրության շեմին հասած իր տղայի հետ: Նա ուրախությամբ է պատմում, որ տղան ամենևին չի նեղվել դպրոցական միջավայրից, այլ հակառակը, իրեն բավականին հարմարավետ է զգացել:
Հայրը պատմում է, որ նախապես զրույց է ունեցել որդու հետ, նրան որոշակի խորհուրդներ տվել կյանքի նոր փուլ մտնելու շեմին:
Քանի որ Գ. Աղախանյանը ժամանակին ընտրել է բժշկի ուղին, սակայն շուտով հրաժարվել է դրանից, այժմ երազում է այդ ճանապարհին տեսնել որդուն:
Նա հույս ունի, որ իր զավակը կկարողանա նվաճել բժշկության այն ասպարեզը, որն իրեն նվաճել չի հաջողվել: