Գրող Վրեժ Սարուխանյանն իր սոցհարթակում մի ուշագրավ պատմություն է ներկայացրել Ծաղկահովիտ գյուղում գործող թանգարանի և նրա իննամյա տնօրենի մասին:
Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի բնակիչ Սիրեկան Հովհաննիսյանը երկու տարի առաջ որոշել էր իր տանը կից շինությունը դարձնել հացատուն։ Այն ժամանակ դեռևս 7 տարեկան թոռնուհին՝ Անահիտը, պապին կանխում է՝ «Պապի՛կ, արի սա դարձնենք թանգարան, ու ես էլ դառնամ տնօրենը»։
Պապը սկզբում զարմանում, հետո հիանում է Անահիտի առաջարկով, և սկսում են ազգագրական հին իրեր ու առարկաններ հավաքել։ Թանգարանը կարճ ժամանկում ստեղծում են։
Եվ այդ օրվանից, երբ մարդիկ հյուր են գալիս Հովհաննիսյաններին, Անահիտը առանց հարցնելու բռնում է նրանց ձեռքը և ասում՝ «Գնա՛նք մեր թանգարանը տեսնենք, ես տնօրենն եմ»։ Անահիտը մեկ առ մեկ բացատրում է, ծանոթացնում հնություններին ու վերջում մեկ անգամ ևս հպարտորեն հիշեցնում, որ ինքը թանգարանի տնօրենն է։
Ես չգիտեմ քանի թանգարան կա Հայաստանում, մանավանդ որ ասում են՝ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, բայց մի բան հաստատ գիտեմ՝ մեր շատ քիչ թանգարանների տնօրեններն են այսպես ջերմորեն սիրում իրենց ղեկավարած թանգարանը և հպարտանում նրանով։
9-ամյա տնօրեն Անահիտը բոլորիս ուղղակի հիշեցնում է, որ երբ մարդը սիրում է իր գործը ու ճիշտ տեղում է, աշխարհը գեղեցկանում է այդ սիրով․․․ Եվ հիշեք՝ փոքրերից սովորելը մեծություն է․․․