Նորք Մարաշի բժշկական կենտրոնը ֆեյսբուքյան պաշտոնական օգտահաշվում հաճախ պատմում է այն հիվանդների մասին, ովքեր երկրորդ ծնունդ են առել և շարունակում են վայելել կյանքը հրաշագործ բժիշկների աշխատանքի ու սրտացավության շնորհիվ։
Բժշկական կենտրոնը ներկայացրել է հերթական փոքրիկի առողջացման պատմությունը։ Փոքրիկ Հովհաննեսն ընդունվել է հիվանդանոց մեկ օրական հասակում։ Նրա մոտ հազվադեպ հանդիպող հիվանդություն էր ախտորոշվել․ փոքրիկը ծնվել էր սրտի մեկ փորոքով։
Այն համարվում է ամենածանր արատներից մեկը, երբ սրտի ձախ բաժինները չեն զարգանում, օրգանիզմի մայր զարկերակը՝ աորտան, լինում է խիստ փոքր և չի կարողանում օրգանիզմին արյունամատակարարում ապահովել, արդյունքում տուժում են բոլոր օրգանները: Առաջին միջամտությունը կատարվել է վեց օրականում, երկրորդ վիրահատությունը՝ տասը օրականում։
Թվում էր, թե ամեն բան շուտով կկարգավորվի, սակայն ի հայտ եկան նոր խնդիրներ․ Հովհաննեսի մոտ առաջացան շնչառական խնդիրներ։
Երկար ժամանակ պահանջվեց, որ վերջապես հրաժարվեն շնչառական ապարատից։ Այս գործում համառորեն պայքարել են թե՛ բժիշկները, թե՛ ծնողները և թե՛ հենց ինքը՝ Հովհաննեսը։ Որոշել էին, ապրելու է… Ու ապրեց․․․