Գրիգոր Դանիելյանն իր սոցցանցային հարթակներում տեղեկացնում է «Դեպի ճամբար» նախագծի նոր եթերաշրջանի մեկնարկի մասին: Սիթքոմը, ինչպես հայտնի է, բավականին սիրվեց ժամանակին: Այն մեծ սիրով ու հետաքրքրությամբ ընդունեցին հատկապես պատանիներն ու դեռահասները:
Հեռուստանախագծի տարբեր եթերների հետաքրքիր ու արկածներով լի դրվագները գրավում էին բոլորին: Նախագիծը հաջողությամբ ներկայացնում է ընտանիքից հեռու գտնվող մի որոշակի տարիքի երեխաների վարքային դրսևորումները, նրանց միջև ձևավորված միջանձնային փոխհարաբերությունները և այլ նուրբ ու կարևոր կետեր՝ միաժամանակ կադրերը բնության գեղեցիկ տեսարաններով հագեցնելով:
Թերևս, հենց սա էլ պատճառ հանդիսացավ, որ նախագծի կազմակերպիչները մտածեն և ձեռնարկեն երկրորդ եթերաշրջան: Նկարահանման գործընթացներն արդեն սկսվել են, իսկ դերասանական կազմը գտնվում է Լոռիի չքնաղ բնության գրկում:
Նրանք հաճախ են գեղեցիկ լուսանկարներ հանրայնացնում իրենց էջերում՝ տեղեկացնելով նկարահանման հետաքրքիր ընթացքի մասին:
Հայտնի է, որ դերասաններից Աննա Մանուչարյանն այլևս հանդես չի գա այս նախագծի շրջանակներում:
Դերասանական կազմին է միացել մեկ այլ դերասանուհի՝ Ժաննա Բութուլյանը: