«Կրթության և համերաշխության» կազմակերպությունն, ի դեմս կրթության մասնագետ, ուսուցիչ Վահրամ Թոքմաջյանի, դիմել է ԿԳՄՍ նախարարություն առաջարկով, որ վերանայեն վերջերս հայտարարած որոշումը, որով ուսուցիչները սովորողների տարեվերջյան գնահատականները պետք է ամփոփեն միայն դպրոցում՝ այսինքն մինչ կարանտինային սահմանափակումների հայտարարումը ստացած նիշերի հիման վրա:
Վ. Թոքմաջյանը մանրամասնել է՝ ասելով, որ շատ մանկավարժներ դժգոհություններով դիմել են արհմիություն, քանզի նվազել է մոտիվացիան հեռավար դասապրոցեսներին մասնակցելու համար: Բացի այդ կա որոշակի մտահոգություններ ուսուցիչների և ծնողների մոտ որոշման հետ կապված:
Հայտնի է նաև, որ ուսումնական առաջին կիսամյակին ավելի քիչ է ուսումնառության նկատմամբ հետաքրքրությունը, քան երկրորդ, ուստի տրամաբանական է, որ այդ ժամանակահատվածի նիշերն ավելի ցածր կլինեն, ուստի դրանք որպես հիմք օգտագործելն այդքան էլ ճիշտ չէ:
Առաջարկվում է ուսուցիչներին թույլ տալ աշակերտների գնահատականները դնելիս առաջնորդվել հայեցողական սկզբունքով՝ ելնելով աշակերտների՝ իրենց հայտնի կարողություններից և տարած աշխատանքի որակից:
Որոշակի մտահոգություններ կան նաև էլեկտրոնային մատյանների վարման կարգի հետ կապված: Բոլոր առաջարկներն ու մտահոգությունները ներկայացվել են առաջարկի տեսքով՝ հաշվի առնելով դիմողների բարձրաձայնած խնդիրների հրատապությունը: