Մասնագիտությամբ քաղաքագետ Հարութ Մնացականյանը, ով Արցախի բնապահպանության կոմիտեում որպես նախարարի խորհրդական է աշխատում, արցախյան մարտերի ակտիվ մասնակիցներից է: Միառժամանակ Եղնիկներում գտնվելով՝ նա իր կամքով տեղափոխվել է այլ վայր՝ շարունակելով հայրենիքի պաշտպանության սուրբ գործը:
Հ. Մնացականյանն իր սոցհարթակում ուղիղեթերային միասմամբ պատմել է, թե ինչպես է հոկտեմբերի 30-ին Քարին տակ գյուղի համար մղվող մարտերի ժամանակ զոհվել իր հարազատ ու միակ եղբայրը՝ Գուրգենը:
Հ. Մնացականյանը պատմում է, որ Գուրգենը զանգել է իրեն և ցանկություն հայտնել միանալ մարտերին հենց այն վայրում, որտեղ եղբայրն է: Քարին տակում երկար ու համառ մարտերի ընթացքում Գուրգենը փորձել է տեղափոխել մեր վիրավորված տղաներին:
Այդ ժամանակ էլ բեկորային վիրավորում է ստացել: Հարութը փորձել է եղբորը փրկել: Նա եղբորը քաշելով տեղափոխել է դեպի շտապ օգնության մեքենա, սակայն Գուրգենը եղբոր աչքերի մեջ նայելով մահացել է:
Այս անասելի ցավով հանդերձ՝ Հարութը նշում է, որ շատ Գուրգեններ կան, ովքեր զոհվել են՝ հաղթանակի հավատը աչքերում, ուստի ապրողները պարտավոր են համախմբել բոլոր ուժերը և պայքարել հանուն այդ հավատի իրագործման: