Երեկ լուր էր տարածվել, որ Վրաստանի հայ գործարարները տասը շնչառական սարք՝ թթվածնային կոնցենտրատոր են նվիրել Հայաստանին։ Բայց արի ու տես էլ ավելի հրաշալի լուր․ այդ տասը սարքին ևս տասնյոթն է ավելացել։
Առողջապահության նախարարությունը, իմանալով, որ թթվածնային սարքեր են ուղարկվելու, հայտնել է՝ պատրաստ է գնել ևս մի քանիսը։
Այդ մասին իմանալով՝ թբիլիսաբնակ հայ համայնքի գործարարները մի քանի ժամում գնել են ևս տասնյոթ սարք և ուղարկել Հայաստան։ Մինչև սահման տեղափոխումն ու անցկացումը կազմակերպել է Վրաստանում հայաստանյան դեսպանությունը։ Սա իրապես հսկայական օգնություն է հայրենիքին՝ վիրահայերի կողմից։
Նշվում է՝ սարքերը հասնելու են Նորքի ինֆեկցիոն, որտեղից մի քանիսը տեղափոխվելու են մարզեր, ինչի մասին հավելյալ կտեղեկացվի։
Բացի սարքերից, ընթացքի մեջ է աջակցության մի քանի ծրագիր ևս։ Հավաքագրվում է «Մեկ դիմակ՝ մեկ կյանք» ծրագրի համար անհրաժեշտ գումարը, որից գնվելու են դիմակներ՝ սոցանապահով խավի ընտանիքների համար։
Իմանալով այդ մասին՝ վրացաբնակ հայ գործարար Վարդան Մանուչարյանը երեք հազար հատ դիմակ է տրամադրել, որպեսզի շնչառական սարքերի հետ միասին արդեն ուղարկվի հայրենիք ու հնարավորինս արագ տրամադրվի անապահովներին։