Այսօր աղմկահարույց դեպք է գրանցվել «Տաշիր Պիցցա» կոչվող սննդի կետում։ Նախ տասնհինգ քաղաքացիներ են թունավորվել, ապա նրանց թիվը հասել է երեսունի, իսկ վերջին տվյալներով արդեն քառասունչորս են թունավորված քաղաքացիները։
Չի բացառվում, որ թունավորված քաղաքացիների թիվը կարող է աճել։ Հիվանդանոց տեղափոխված քաղաքացիների մեջ են նաև երեխաներ։ Այս պահին սննդի կետի տարբեր մասնաճյուղերում իրականացվում են ստուգումներ։
Թունավորման հավանական պատճառը սննդի կետի աշխատողները համարում են հավի մսով ուտեստը, սակայն այս տեսակետը դեռևս փաստերով հիմնավորված չէ։ Այստեղ հավի միսն օգտագործվում է սառեցնելուց ու խաշելուց հետո։ Քաղաքացիները արդեն խուսափում են այդ սննդի կետից օգտվել, երբ լսել են թունավորման մասին տեղեկությունը։
Այդ մասին է վկայում կեսօրից հետո «Տաշիր Պիցցա» սննդի կետերում այցելուների բացակայությունը։ Թունավորման հավանական պատճառների շարքում դիտարկվում է նաև աշխատողների անփութությունը, հիգիենայի կանոնների ոչ պատշաճ պահպանումը։Սանիտարահիգիենիկ ստուգումների արդյունքները, որոնք ցույց կտան թունավորման հիմնական պատճառը, պատրաստ կլինեն չորս օրվա ընթացքում։