Հանրահայտ երգիչ Աբրահամ Ռուսոն այսօր նշում է ծննդյան հիսունմեկամյակը: Երգչին բավականին սիրառատ ու հուզիչ կերպով շնորհավորել է նրա գործընկերուհի Քրիստինա Օրբակայտեն:
Ք. Օրբակայտեն իր սոցցանցային հարթակում հանրայնացրել է իրենց համերգային համատեղ լուսանկարը՝ գրելով. «Շնորհավոր ծնունդդ, իմ թանկ ու շատ սիրելի: Քեզ ընտանեկան, մասնագիտական և հոգևոր հանգստություն ու երջանկություն եմ ցանկանում»:
Ա. Ռուսոն երգել սկսել է դեռ պատանի հասակից. տասնվեց տարեկանից նա սրճարաններում երգելով գումար է վաստակել ընտանիքին օգնելու համար:
Ինչպես հայտնի է, Ա. Ռուսոն երկու դուստրերի (Էմանուելա և Ավեմարիա) հայր է: Նրա ընտանեկան հարաբերությունները այնքան էլ հաջող ու հարթ չեն ընթացել: Երգիչը նույնիսկ անձամբ հանրայնացրել է կնոջ՝ Մորելայի հետ ունեցած խնդիրների մասին:
Այդուհանդերձ, նա շարունակում է հաջողությամբ զբաղվել սիրելի գործով՝ հանդես գալով նորանոր երգերով ու տեսահոլովակներով:
Հայկական միջավայրում Ա. Ռուսոն ամենից քննարկված դեմքերից է: Նրա հայկական արմատները բազմիցս խոսակցությունների առիթ են դարձել: