Ինչպես հայտնի է, երեկ ադրբեջանական ուժերը թիրախավորել են Արցախի մայրաքաղաքի ծննդատունը: Այս անօրինակ ու անմարդակյին իրողության մասին արդեն իսկ պատրաստվել են համապատասխան նյութեր և ուղարկվել համապատասխան միջազգային կառույցներ:
Համացանցում մի հուզիչ ու սիմվոլիկ կադր է հանրայնացվել: Լուսանկարի մասին գրականագետ, պրոֆեսոր Անահիտ Արամունի Քեշիշյանն իր սոցհարթակում գրել է. «Սա իմ ընկերուհի Սիրանուշ Սարգսյանն է՝ Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատան ծանր ստվերում. նա լաց է լինում:
Սիրանուշին Երևանում տեսա մեկ շաբաթ առաջ: Նա ինձ պատմում էր ԱՄՆ դեսպանատան դիմաց օրեր առաջ տեղի ունեցած ցույցի մասին:
Դեսպանատան աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ նա ասել է, որ հրաժարվել է իր երազանքներից, այդ թվում՝ իր կյանքի ամենամեծ երազանքից, այն է՝ մի օր տեսնել Նյու Յորքը: Այժմ երազում է միայն վերադառնալ իր սիրելի Արցախ և ապրել խաղաղ կյանքով:
Մի քանի օր անց նա հետ գնաց՝ ականատես լինելու ԱՅՍ բանին:
Ինչպե՞ս կարող է սա լինել, ԻՆՉՊԵ՞Ս…»