Արայիկ Հարությունյանը րոպեներ առաջ հանդես է եկել հատուկ ուղերձով՝ դիմելով հայությանը որպես Արցախի գերագույն գլխավոր հրամանատար: Նա Շուշիում է: Մտնելով քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի՝ նախագահը համբուրել է խաչը՝ հաղթանակի ակնկալիքով ու հավատով:
Հիշեցնելով արցախյան իննսունականների մարտերի ժամանակ Շուշիի դերը և դրա գրավումով մարտական գործողությունների եզրափակիչ, կուլմինացիոն փուլին հասնելը՝ Արցախի նախագահը հայտնում է, որ հակառակորդը լուրջ ռեսուրսներ է ներդրել քաղաքը գրավելու համար:
Շուշիի պաշտպանությունից է կախված մեր առաջիկա հաղթարժավը, քանի որ Շուշիին տիրելը նշանակում է հենց Արցախին տիրելը: Ուստի նախագահը բոլորին հրավիրում է ժամ առաջ քաղաքի պաշտպանությանը սեփական նպաստը բերելու:
Նա նշում է, որ իր ելույթը խուճապային չէ ամենևին, սակայն ցանկանում է, որ հստակ գիտակցվի պահի ճակատագրական լինելն ու կարևորությունը, քանի որ հակառակորդը քաղաքից գտնվում է հինգ կիլոմետր հեռավորության վրա:
Նախագահն առաջարկում է միավորել ուժերը՝ հակառակորդին Շուշիի դարպասների մոտ պատժելու համար: