Սիրուշոն նոր երգի նոր տեսահոլովակ է հանրայնացրել՝ բավականին հետաքրքիր լուծումներով: Երգը հայկական էպոսի մոտիվներով է հյուսված: Այն վերնագրված է մեր էպոսի դյուցազուններից մեկի անունով՝ «Մհեր»:
Երգի խոսքերի հեղինակը Ա. Բարսեղյանն է: Երաժշտությունը հեղինակել է անձամբ Սիրուշոն: Երգի շունչը բավականին հզոր է ու ներդաշնակվում է Սասնա տան հզորության հետ:
Երգչուհին երգի երաժշտության, գործիքավորման ու հրաշալի մշակված անիմացիոն խաղարկումների շնորհիվ կարողացել է բավականին ազդեցիկ պատկերներ ստանալ:
Տեսահոլովակը կառուցված է Սիրուշոյի հետաքրքիր կերպավորման և Սահակյանց ստուդիայի մշակած անիմացիաների հիման վրա:
Երգի տեքստի մեջ անդրադարձ է կատարվել արաբական տիրապետության ժամանակաշրջանի պատմական իրողություններին, հայերի նկատմամբ Մըսրա տան ելուզակների գործադրած ճնշումներին, դավանափոխության փորձերին և այլ իրադարձությունների:
Երգում ներկայացվում է հայոց ոգու, մտքի ու հավատի անպարտ ուժի գաղափարը, ինչը երգչուհին կարողացել է փոխանցել նաև տեսահոլովակում ներկայացված պատկերների միջոցով: Երգն ավարտվում է նոր Սասնա Դավթի ծնունդի անմար հույսով: