Ադրբեջանական կողմը շարունակում է աշխարհին ցույց տալ իր անմարդկային ու դաժան նկարագիրը՝ հրթիռակոծելով արցախյան խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական ենթակառուցվածքները: Երեկ հրետակոծության է ենթարկվել նաև մայրաքաղաքային հիվանդանոցը:
Հիվանդանոցի ներսում այդ պահին եղել են վիրավորներ ու բուժաշխատողներ: Այդ պահին հիվանդանոցում վիրահատություն է ընթացել: Բժիշկները, ի զարմանս շատերի, շարունակել են իրենց վիրահատությունը՝ առանց խուճապի մատնվելու:
Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են հիվանդանոցի ներսում արձագանքում հրետակոծությանը: Նրանք այդ պահին մեծ տագնապայնությամբ փորձում են ապահով վայր տեղափոխել, որ դարձյալ չտուժեն:
Տեսանկարահանված նյութը ներկայացնում է հակառակորդի որդեգրած անմարդկային քաղաքականությունը, որին ծանոթ են հայկական կողմում, իսկ աշխարհի համար դա մեծ զարմանք է առաջ բերում:
Ընդ որում, սա առաջին դեպքն ու նախադեպը չէ, որ հակառակորդը թիրախավորում է բժշկական ստորաբաժանումը, սակայն ամենամեծ ու լայնամասշտաբ թիրախավորումն է, որի պատճառով լուրջ վնասներ է կրել մայրաքաղաքային նորակառույց ծննդատունը: