Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը նախադպրոցական տարիքի բալիկների ծնողներն է դիմել՝ նշելով՝ հասկանում է նրանց դժգոհությունը՝ կապված մանկապարտեզների փակվելու հետ։ Նա հասկանում է՝ բալիկները սովոր են իրենց խմբերին և բարդ է նոր միջավայրին հարմարվելը, սթրեսային է։ Մանկապարտեզները մոտ են տանը և արագ են հասնում, իսկ այժմ անգամ հարկ կլինի տրանսպորտից օգտվել։
Բայց պետք է գիտակցել՝ բոլոր խնդիրները հասկանալի են ու դրանց բոլորս ենք բախվում՝ համավարակային պայմանների պատճառով։ Բայց սա արվում է անվտանգությունից ելնելով։
Ընդհանրապես մանկապարտեզներում մոտ չորս հազար հինգ հարյուր մարդ է աշխատում, իսկ այս դեպքում ընդամենը հինգ հարյուրը կաշխատի, մյուսները տանը կմնան, իհարկե՝ վճարվելով։ Սա իրապես հարկադիր միջոցառում է՝ բնականոն կյանքին շուտ վերադառնալու ակնկալիք պարունակող։
Ամեն դեպքում Վիրաբյանը ներողություն է խնդրել անհարմարությունների համար՝ վստահ լինելով՝ միահամուռ ջանքերով կհաղթահարենք այս բարդ համավարակային իրավիճակը։