Այսօր իրարամերժ զգացողությունների, բուռն հույզերի օր էր: Սահմանից եկող տեղեկությունները մի կողմից հպարտության, հզորության, մյուս կողմից ցավի ու ափսոսանքի ծանր զգացողություններ են ներշնչում բոլորիս:
Մեծ ափսոսանքով տեղեկացանք մեր չորս հերոս քաջորդիների անժամանակ ու հերոսական մահվան մասին: Նրանցից յուրաքանչյուրը մի նպատակ ու երազանք էր, մի ամրություն ու հավատ էր:
Համացանցում հանրայնացվել է անասելի հուզիչ մի դրվագ մարմաշենցի Սոս Էլբակյանի հետ կապված, ով հենց տվյալ գյուղի գյուղապետի եղբոր որդին էր: Հայտնի է դարձել, թե կապիտանը քրոջ հետ նամակով շփվելիս վերջում ինչ է ասել նրան:
Ս. Էլբակյանն ասել է, որ ազգի համար արժե նույնիսկ զոհվել՝ վերջում հռետորական հարցում ավելացնելով: Այս հուզիչ ու շատ կարևոր դրվագը ցույց է տալիս, որ հայ քաջերը ստիպված կամ ճարահատյալ չեն հայտնվում սահմանին ու հրաժեշտ տալիս կյանքին անհրաժեշտության դեպքում:
Այս կարևոր դրվագը ցույց է տալիս, որ հայ քաջորդին միանգամայն գիտակցված ու իմացյալ է կանգնած սահմանին: