«Այն ծնողը, ով չունի գումար և ում երեխան չունի ուղեկցող, պարզապես հրաժարվում է երեխային դպրոց տանել․․․» ի՞նչ է առաջարկում հոգեբանը

Հոգեբան Անի Խուդոյանը գրում է․ «Հարգելի՛ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, այսօր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող հազարավոր երեխաներ հաճախում են հանրակրթական դպրոցներ, նրանցից շատերն ունեն վարքային խնդիրներ՝ երեխան չի կարողանում դասին հանգիստ նստել, ակտիվ է, շարժուն, կարող է պառկել հատակին կամ բարձր բղավել ուսուցիչը 20-35 երեխաների հետ միաժամանակ աշխատելով՝ չի կարողանում տվյալ երեխային անընդհատ ուշադրության կենտրոնում պահել, ծնողը ստիպված ուղեկցող է գտնում, ով երեխայի հետ կնստի դասերին:

Ուղեկցող՝ ով աշխատում է ժամավճարով, ծնող՝ ով գիշեր -ցերեկ աշխատում է իր երեխային թերապիաների տանելու համար ու ի վիճակի չի լինում ուղեկցողին ևս վճարել: Սա ԱՆԽՂՃՈՒԹՅՈՒՆ Է, որի արդյունքում՝

*Այն ծնողը, ով չունի գումար և ում երեխան չունի ուղեկցող, չի կարողանում երեխային տանել դպրոց,որովհետև ուսուցիչը բողոքում է պարբերաբար։

*Այն ծնողը, ով չունի գումար և ում երեխան չունի ուղեկցող, մի դպրոցից մյուսն է տեղափոխում երեխային, հույսով, որ գոնե մի տեղ իր երեխային լավ կվերաբերվեն։

**Այն ծնողը, ով չունի գումար և ում երեխան չունի ուղեկցող, պարզապես հրաժարվում է երեխային դպրոց տանել։

Հիմա ամենակարևորը՝ Հազարավոր ուսանողներ ունենք՝ հոգեբաններ, սոցիալական մանկավարժներ, լոգոպեդներ, հատուկ մանկավարժներ, հատուկ հոգեբաններ, ովքեր սովորում են երկրորդ հերթով, իրենք կարող են առավոտյան ուղեկցել երեխային դպրոց, դասի ժամանակ նստել երեխայի կողքը և օգնել ուսուցչին, իսկ պետությունը կարող է գոնե մասամբ փոխհատուցել ուսման վարձը:

Արդյունքում ուսանողը և՛ մասնագիտական փորձ ձեռք կբերի, և՛ իր ծնողի հոգսը կթեթևացնի: Խնդրում եմ ուսուցչի օգնականների չգործող ինստիտուտի մասին չհիշեցնել»

Понравилась статья? Поделиться с друзьями: