«Սեպտեմբերի ավարտը և հոկտեմբերի սկիզբը նշանավորվեցին նրա հանդիպում-առաջարկներով՝ սկզբում ծածուկ-միջնորդական, ապա բացահայտ ուղերձներով՝ Թուրքիայից Ադրբեջան, Էրդողանից Ալիև․․․»

Նարինե Դիլբարյանը գրում է․ «Փաշինյանի աշունը. սեպտեմբերի ավարտը և հոկտեմբերի սկիզբը նշանավորվեցին նրա հանդիպում-առաջարկներով՝ սկզբում ծածուկ-միջնորդական, ապա բացահայտ ուղերձներով՝ Թուրքիայից Ադրբեջան, Էրդողանից Ալիև:

44-օրյա պատերազմի սանձազերծողները, տարածաշրջանում մարդկային, տնտեսական և մշակութային վիթխարի կորուստների պատճառ դարձած, Արցախի և Հայաստանի Հանրապետությունների տարածքները բռնազավթած, ցեղասպանություն, էթնիկ զտումներ իրականացրած և իրականացող, խոր անկայունություն ստեղծած երկու այս պետությունների ղեկավարները փաշինյանական առաջարկներին արձագանքեցին մարտահրավերի պես, ուժի դիրքերից ու ամենակարևորը՝ հստակ օրակարգերով, նախպայման- սպառնալիքներով:

Իսկ ո՞րն է թուրք-ադրբեջանական տանդեմին առաջարկվող Հայաստանյան օրակարգը ըստ Փաշինյանի, ովքեր են դրանք մշակել և մշակում, սահմանշման և սահմանագծման պատրաստ այս իշխանությունն արդեն հրաժարվել է անգամ մեզ համար բնավ ոչ նպաստավոր 2020 թվականի նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարության եզակի հայապահպան կետերից, որտեղ նշված է, թե կողմերը պետք է կանգ առնեն այնտեղ, որտեղ ռազմական գործողությունները դադարել են։

Ըստ այդմ՝ Շուռնուխն ամբողջությամբ և Գորիս-Կապան ճանապարհը բոլոր հատվածներով Հայաստանի տարածքային ամբողջականության մասն էին, ինչպես նաև Գեղարքունիքի բոլոր սահմանային հատվածները։ Բայց այսօր դրանք հայտնվել են ադրբեջանական զավթման ներքո, և ՀՀ-ն պաշտոնական արդարացումներ է գտնում, գոյություն չունեցող ԽՍՀՄ պետական ինչ-ինչ քարտեզների հիման վրա:

Ովքե՞ր են Փաշինյանի խորհրդատուները, ինչո՞ւ մասնագիտական լուրջ քննարկում չի կազմակերպվում նրա կողմից ոլորտի գիտակների հետ Հայասատնից, Արցախից, սփյուռքից՝ պատմաբաններ, քաղաքագետներ, միջազգային իրավունքի մասնագետներ, որոնք կարող են ազդեցիկ փաստարկներ գտնել մեզ ահաբեկչությամբ պարտադրվող անկլավ կոչվածներից և մնացյալ բռնաճնշումներից ձերբազատվելու:

Հանդիպման առաջարկը պետք է օրակարգ ունենա, իսկ այդ օրակարգը չի կարող լինել մերկապարանոց աղաղակը խաղաղության մասին, խաղաղության համար պայքարում են մշակված գործողությունների ծրագրով: Անբովանդակ ձևը միշտ լցվում է հակառակորդի ծրագրերով, և հայտնվում ես կախաղանի օղակում՝ Մի պիրկ պարան ու երկնուղեշ փայտեր երկու, Որպես բախտիս մութ քամահրանքը, կամ որպես մի հին խոստում, որ անկատար, դրժած թողի…, չարենցյան «Մահվան տեսիլի» մարգարեությունն է։

Ժողովրդավարություն և «ապագա կա» խոստում տվողը պետք է անհապաղ մասնագիտական և կարողունակ խումբ ձևավորի բանակցություններում հայկական օրակարգը փաստաթղթավորելու, այլընտրանքը կախվողին սպասելն է՝ Կախաղանի փայտերն ահա քաղաքի մեջ Կանգնել են, սեգ, ու սպասում են կախվողի։ Ու ցանկացա, որ չօրհներգե ո՛չ մի քնար Լուսապսակ, պայծառ գալիքը Նաիրի»

Понравилась статья? Поделиться с друзьями: